ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի. և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մտքերը․․․

 Երևանի Ա. Չեխովի անվան № 55 դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի փետրվարին, երբ ժողովրդական կրթության մարմինների կողմից որոշում ընդունվեց բեռնաթափել Ա.Ս. Պուշկինի անվան № 8 դպրոցը: Նոր՝ համար «55» դպրոցում սովորում էր 500 աշակերտ, իսկ ուսուցումն իրականացվում էր ռուսերենով։

№ 55 դպրոցի տնօրեն նշանակվեց ուսմասվար Մ.Մ. Շչուկովան։ Չորս տարի երկու դպրոցները գործեցին մեկ շենքում. նոր դպրոցը նկուղային հարկում էր։

Երկու դպրոցների համար բարդ ժամանակաշրջան էր, սակայն №55 դպրոցի ստեղծման որոշմանը հաջորդեց Բաղրամյան 16 հասցեում նոր շենքի կառուցման որոշումը։ 1951 թվականին ավարտվեց դպրոցի շինարարությունը, և Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկում՝ Բաղրամյան պողոտայում, հառնեց նոր շենք, որի նախագծի հեղինակն էր Հ. Մ. Մարտիրոսյանը: Դպրոցը նախատեսված էր ընդամենը 600 աշակերտի համար։ 1953 թվականին աշակերտների թիվը կրկնապատկվեց։ Նույն թվականին դպրոցը կյանք ճանապարհեց իր առաջին շրջանավարտներին. արդյունքը գերազանց էր՝ 9 ոսկե և 22 արծաթե մեդալակիր։ Մ. Շչուկովայի ղեկավարությամբ և ստեղծագործ աշխատակազմի ջանքերով դրվեց դպրոցի փառքի հիմնաքարը։ Մինչև 1954 թվականը այն օրիորդաց դպրոց էր, իսկ 1954-1955 ուստարում դարձավ ընդհանուր։

1956 թվականին դպրոցի մուտքի առջև տեղադրվեց Ա.Պ. Չեխովի կիսանդրին։ Քանդակագործն էր Գ.Պ. Ահարոնյանը։ 

1967-1992 թթ. դպրոցը ղեկավարում էր Մ.Ա. Ալեքսանդրյանը։

1986 թվականին շենքը վերակառուցվեց. 40 տարի շարունակ օրական 1200-1300 աշակերտ ընդունող դպրոցը նորոգման կարիք ուներ։

1992 թվականին դպրոցը դարձավ հայկական։

1992-1994 թթ. դպրոցի տնօրեն է նշանակվում Ա.Վ. Կակոսյանը։

1995-2021թթ. դպրոցի տնօրենն էր Գ. Սարուխանյանը։

2022 թվականից առ այսօր դպրոցի տնօրենն է Դ. Մինասյանը։

Դպրոցում բարենպաստ պայմաններ են ստեղծված արժանավայել, ժամանակի ոգուն ու պահանջներին համապատասխան կրթություն և դաստիարակություն ստանալու համար։ Կրթական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով դպրոցն ունի երկու մասնաշենք, ամֆիթատրոն, մարզադահլիճ, գրադարան, ընթերցասրահ, նորագույն տեխնիկայով հագեցած տեղեկատվական կենտրոն, «Արմաթ» լաբորատորիա, մոտ 50 դասասենյակ, 13 առարկայական դասասենյակ, նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, առողջապահության գրագիտության ռեսուրս կենտրոն, էկո կաբինետ, Կոնֆուցիուսի դասարան, երկարօրյա։

Ներկայումս դպրոցում սովորում է մոտ 1300 աշակերտ, նրանց դասավանդում է մոտ 100 ուսուցիչ։ Դպրոցն ունի անխախտ բարի ավանդույթներ և մշտապես լուրջ հաջողություններ է արձանագրում տարբեր բնագավառներում։