Նաիրա Նիկոյան

Ամեն մարդու  մեջ արև կա,  պետք է թույլ  տալ, որ  այն  փայլի:
Սոկրատես

1989թ.-ին  ավարտել  եմ  Երևանի  148 միջնակարգ  դպրոցը: Նույն  թ.-ին ընդունվել  եմ  Երևանի  պետական  համալսարանի “Կիրառական  մաթեմատիկայի”  ֆակուլտետը: 1994թ.-ին  ավարտել  եմ, ստացել  եմ  մաթեմատիկոսի  որակավորում:  2000-2005թթ  աշխատել  եմ “Համասփյուռ”  կրթահամալիրում  որպես  մաթեմատիկայի  ուսուցչուհի: 2008թ.-ից  աշխատում եմ  Ա. Պ.  Չեխովի  անվան  դպրոցում ` որպես դասվար:

Յուրաքանչյուր  երեխա` անհատականություն  է, ուսուցչը պետք բացահայտի  և  տեսնի  այդ  արևը:
Սիրում  եմ  երեխաների  աշխարհը,  նրանց  պարզ անմիջականությունը:
Փորձում  եմ  ինքս  էլ  լինել  նույնքան  պարզ  ու  անկեղծ,  աշխարհին  նայել նրանց  աչքերով:

Մեծ է ուսուցչի, մանկավարժի դերը ապագայի մարդու` աշխարհը կառուցղի, կամ էլ գուցե վերակառուցողի դաստիարակման գործում: Որքան սեր, բարություն, հոգատարություն և ծով համբերություն է պետք այս հետաքրքիր, պատասխանատու և միևնույն ժամանակ դժվար գործն իրականացնելու համար:
Իսկ ինձ համար ավելի շատ մեծ նվիրում, որովհետև միայն մեծ նվիրումի դեպքում են անտեսվում ու զրոյանում բոլոր կարգի խոչընդոտները: Նպատակը շատ պարզ է ու լուսավոր` կրթել,դաստիարակել սերունդ, այնպիսի սերունդ, որ ներկայանալի լինի աշխարհին:
Ես միշտ մանկավարժի աշխատանքը նմանեցրել եմ խեցեգործի աշխատանքին: Գուցե տարօրինակ թվա, որ փոքրիկ մարդուկին համեմատում եմ կավի հետ, բայց երևույթի մեջ նմանություն տեսնում եմ: Ինչպես խեցեգործն է կավը ձեռքը վերցնելով` նախ ծանոթանում, հետո հունցում, ապա սկսում է ծեփել, այնպես էլ մենք`յուրաքանչյուր երեխայի հետ ծանոթանալով, փորձում ենք նախ հայտնաբերել  սոկրատեսյան արևը, որը պիտի լուսավորի աշխարհը, ապա սկսում ենք կերտել, կերտել ` միևնույն ժամանակ բաց անելով այդ արևի ճանապարհը: Ու շատ կարևոր է, որ  գործն ավարտած խեցեգործի պես մենք էլ թրծենք բնոթյան ամենակատարյալ ստեղծագործությունը, որ կոչվում է մարդ:
Ես կարծում եմ, որ ինչպես  մեր հիշողություններում են ապրում մեր ուսուցիչները իրենց խրատներով, մեզ տված գիտելիքներով, այնպես էլ երևի մենք պիտի ապրենք մեր դաստիարակած սերունդների մեջ: Եվ որքան մեծ լինի նվիրումը, այնքան լուսավոր ու վառ կստացվի ուսուցչի կերպարը: