ԹԱՎԱԴՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Աշակերտի գիտելիքներին մի փոքր կայծ տալու համար ուսուցիչը իր մեջ պետք է լույսի մի ամբողջ ծով կուտակի:
Վ. Սուխոմլինսկի

Ավարտելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի “Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա” ֆակուլտետը` դպրոցում աշխատում եմ 2004թ-ից:

Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության միասնական գործընթաց է, որը նպատակաուղղված է հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն ու սերունդներին փոխանցելուն:
Հասարակության գլխավոր նպատակը երեխաների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը:
Եվ այսպես, վաղվա հուսալի ապագան ուսուցչի օգնությամբ պիտի կառուցվի, նոր սերնդին կրթելու վեհ պարտականությունը ուսուցչի օգնությամբ պիտի իրագործվի:
Որպես կրտսեր դպրոցի ուսուցիչ, ունենալով հումանիստական սկզբունքներից բխող բարձր համոզմունքներ, ձգտում եմ ունենալ համերաշխ, կարգապահ և բանիմաց դասարան: Ես ձգտում եմ յուրաքանչյուր փոքրիկից անհատ կերտել, քանի որ անհատին եմ որպես մարդկանց երջանկության համար պայքարող ժամանակակից մարտիկ ընդունում:
Օրեցօր, տարեցտարի կազմավորվում, հղկվում են մանուկներին գրաճանաչ դարձնելու հնարներն ու միջոցները, կատարելագործվում և առավել աշակերտակենտրոն է դառնում ուսուցման մեթոդիկան, սակայն որքան էլ զինված, քաջատեղյակ լինի ժամանակակից մանկավարժը, կարևորը նրանից ու միայն նրանից է կախված առավել մեծ հոգի ու բարություն երեխաների հետ հաղորդակցվելիս, մեծ հավատ նրանց ուժերի նկատմամբ:
Մանկավարժական փիլիսոփայություն
Օգոստոսի վերջին օրերին մինչև ուշ գիշեր աշխատասեղանիս մոտ եմ: Խորհում եմ, պլանավորում, ամփոփում, իմ մանկավարժական վերափոխման ուրվագծեր տանում: Ես ուզում եմ երեխաներիս հետ աճել ու զարգանալ: Եվ ինձ թվում է, որ ես ավելի լավ վիճակում եմ, քան նրանք: Նրանք` իմ “վեց տարեկանները”, մեկ ուսուցիչ կունենան, իսկ ես… Նրանք բոլորն իմ ամենահամառ ուսուցիչները կդառնան:
Ես նրանց կարդալ ու գրել, հաշվել ու բազմապատկել, նկարել ու երգել կսովորեցնեմ: Իսկ նրանք բարձրորակ մանկավարժական կրթություն կտան ինձ: Միայն թե մարդ պետք է իրեն սովորող և դաստիարակվող զգա, որպեսզի ավելի լավ իմանա իր սաներից, թե ինչպիսի մանկավարժ է հարկավոր նրանց: Եվ գրասեղանիս մոտ նստած` ես թղթին եմ հանձնում իմ պատգամը:
Ձգտելով հասու լինել մանկան հոգուն, մանկավարժական վարպետությանը և մանկավարժություն կոչվող գիտության գաղտնիքներին ես յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնելու եմ ուսուցչիս և դաստիարակիս:
Արդեն տասը տարի անդադրում ստուգում եմ սույն պատգամի օգտակարությունը:
Իսկ ինչպիսի±ն են նրանք, իմ փոքրիկ ուսուցիչները: Անձնական գործերից հանում եմ երեխաների լուսանկարները, շարում աշխատասեղանիս վրա: Ահա իմ դասարանը: Ականջներիս մեջ երեխաների զրնգուն ձայներ են, նրանց ծիծաղը: Ի±նչ է դա: Մանկական աղմու±կ: Պատշաճ չէ, դա աղմուկ անվանել: Չէ որ մենք չենք ասում թռչուններն աղմկում են, աղաղակում: Դպրոցը բռնած մանկական այդ յուրահատուկ աղմուկը բնորոշելու համար միտքս եկող բոլոր բառերի մեջ առավել հարմար է “ժրիամուլի” բառը, որը թռչունների և երեխաների ուրախ աղմուկ է նշանակում: Ում դուր է գալիս մանկական ժրիամուլին, նա մանկավարժական գործունեության հակում ունի, իսկ ով արդեն տարվել է դրանով, նա գտել է իր մասնագիտական երջանկությունը:
Սեպտեմբերի 1 … և ես հպարտ եմ: Ես ինձ ներշնչում եմ, որ 21-րդ դարի մանկավարժը մի մարդ է, որը երեխաների մոտ է եկել, որպեսզի խանդավառի նրանց վաղվա օրվա երազանքով, այսօրվա ուրախության մեջ նրանց վաղվա կյանքի լուսավոր, վճիտ, ուրախ առվակ բացի:
Ամեն անգամ երեխաներից բաժանվելիս, իմաստավորվել եմ ապրածս օրվա իրադարձությունները և իմ պատկերացման մեջ գալիք օրը կերտել: Խորասուզվելով տետրերի և նկարների կույտի մեջ, ես վարժություններ ու առաջադրանքներ եմ կազմել ամենափոքրիկ դպրոցականների համար, մտքումս նրանց հետ շփման ամենահնարավոր տեսարաններ խաղացել, մանկավարժական օրվա ծրագիր պատրաստել: Վեց տարեկան փոքրիկին ես դժվարանում եմ նույնիսկ աշակերտ անվանել, ես նրան առաջին հերթին ընկալում եմ որպես աճող մարդ, անհատ, ուստի և շատ եմ կարևորում իմ աշխատանքում անհատական մոտեցումը:
Երեխաներին պետք է սիրել ամբողջ սրտով և նրանց այդպես սիրելու համար պետք է նրանցից սովորել, ինչպես հարկն է դրսևորել այդ սերը: Դպրոցի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս պետք է մանկավարժի կողմից նվեր լինի երեխաներին: Մանկավարժի հետ յուրաքանչյուր հանդիպում պետք է երեխային ուրախություն և լավատեսություն ներշնչի: