Գասպարյան Ինեսսա

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
Շառլոտ Բրոնտե

2010 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: 2014 թվականին ավարտել եմ բակալավրիատը և ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրան «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մասնագիտացմամբ: 2016 թվականին ավարտելով մագիստրատուրան` աշխատանքի եմ անցել Ա. Պ. Չեխովի անվան № 55 դպրոցում: Ուրախ եմ, որ աշխատանքային գործունեությունս սկսել եմ նման դպրոցում, քանի որ այստեղ կարևորություն են տալիս աշակերտների կրթությանն ու դաստիարակությանը ոչ թե տեսական հիմնավորումներով, այլ գործնական իրագործումներով: Երեխայի ձևավորման հիմնաքարը դրվում է ընտանիքում, սակայն դպրոցի դերն անգնահատելի է յուրաքանչյուր անձի ձևավորման ու զարգացման համար:
Դժվար է ասել, թե որտեղից է սկսվում բազմահմուտ ուսուցչի գործունեությունը և որտեղ է ավարտվում: Ուսուցիչ լինելու համար որքան կարևոր են գիտելիքները, այդքան էլ նրա մանկավարժական վարպետությունը: Նա յուրաքանչյուր օր պետք է կյանքից, աշխարհում տրվող գիտական տեղեկատվությունից վերցնի նորը, կարևորը, հարստացնի իր իմացությունը և դրանք ևս հասցնի իր սաներին:
Ուսուցիչը պետք է սիրի աշակերտներին, կարողանա թափանցել նրանց ներաշխարհը և հայտնաբերել նրանց էության բոլոր կողմերը, աջակից լինի աշակերտների ինքնուրույնությանը և ստեղծագործական ձեռներեցությանը, ուրախանա նրանց առաջ քաշած խելացի առաջարկներով: Մանկավարժության գործունեության ընթացքում կարևորում եմ աշակերտների հետ հարաբերությունների կառուցում փոխըմբռնման, լավատեսության, վստահության և փոխադարձ պատասխանատվության հիմունքներով:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ուսուցչի կոչման կարևորությունը և ունենանք անընդհատ առաջ գնալու ներքին մղում: