Անժելիկա Հայրապետյան

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումը այն ամենի, ինչ գիտես: 
Ա. Դիստերվեգ

Ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության և մեթոդիկայի ֆակուլտետը: Դպրոցում աշխատում եմ  տասներկու տարի:
Սիրում եմ աշխատանքս, հեշտությամբ մտերմանում եմ աշակերտներիս հետ: Նրանցից յուրաքանչյուրը կարճ ժամանակում գտնում է իր տեղը մեր դասարանում, և  խմբում ստեղծվում է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ:
Գիտակցում եմ դասվարի աշխատանքի կարևորությունը, քանի որ հենց տարրական դասարաններում են ձևավորվում մի շարք կարողություններ և հմտություններ, որոնք հիմք են դառնում աշակերտի հետագա ուսումնական գործունեության ճիշտ և արդյունավետ առաջընթացի համար:
Դասարանում փորձում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ երեխան մտածի ազատ և ինքնուրույն, կարողանա արտահայտել իր մտքերը, հույզերն ու զգացմունքները, անկաշկանդ լինի իր գործունեության և ինքնադրսևորման մեջ,  սովորի լսել, հասկանալ, կշռադատել և հետևություններ անել: Կարևորում եմ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների դերը, որոնք ուսումնական նյութի մատուցումն առավել հետաքրքիր ու մատչելի են  դարձնում:
Ձգտում եմ աշակերտներիս մեջ զարգացնել աշխատասիրությունը, պարտաճանաչությունը և պատասխանատվության զգացումը, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր գործում հաջողության հասնելու համար թե’ դպրոցում և թե’ ողջ կյանքում:
Ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, մատչելի, զննական, յուրացումը` հաստատուն, գիտակցված, տրամաբանական: Նման խնդիրները լուծվում են ուսուցչի մասնագիտական վարպետության, նվիրվածության, աշակերտների նկատմամբ սիրո և հոգատարության  շնորհիվ: Նրա բնորոշիչներն են ազնվությունը, համեստությունը, համբերատարությունը, շիտակությունը, արդարամտությունը և հաստատակամությունը:
Մանուկն ի ծնե հակված է դեպի լավն ու բարին, պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել երեխայի համար: