Սուսաննա Պողոսյան

Նախ ինքդ պետք է լինես այնպիսին, ինչպիսին ուզում ես տեսնել աշակերտիդ:
Կրյուչևսկի

 Ավարտել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը 1983թ-ին և աշխատում եմ դպրոցում առ այսօր:
Դպրոցն իմ տունն է, դասարանը` ընտանիքս:
Նվիրվում եմ աշակերտներիս անմնացորդ, տալիս եմ հոգուս ջերմությունն ու ինքս էլ ջերմանում եմ նրանց ժպիտով:
Յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնում եմ անհատի, թափանցում եմ նրանց ներաշխարհը, փորձում եմ գտնել ու վեր հանել, բարձրացնել նրանց հոգու այն ծիլը,որը քնած է ու դարձնել ծաղկուն մի ծառ:
Գտնում եմ, որ պետք է երեխային աշխատեցնել, բայց ոչ ստիպողաբար: Նախ պետք է նրան աշխատել սովորեցնել, սովորել սովորեցնել: Ուսումնասիրվող հարցերի շուրջ փորձում եմ հետաքրքրություն առաջացնել նկարների, երգերի, խաղերի, հետաքրքրաշարժ  պատմությունների միջոցով:  Պետք է գտնել փոքրիկի հոգու թրթռուն լարերը և… կհասնենք արդյունքի:
Երեխան ինքն այդ դեպքում կպրպտի, կփնտրի ու ինքնուրույն կգտնի իրեն հուզող հարցերի պատասխանները:
Նպատակս` դաստիարակել առողջ երեխա` առողջ, ինքնուրույն մտածելակերպով և այդ նպատակիս հասնելու համար կարևոր տեղ եմ հատկացնում ընթերցանությանը:
Հաճախակի կազմակերպում եմ զրույցներ, բանավեճեր որևէ թեմայի, ուսումնասիրվող դասանյութի շուրջ: Երեխաները արտահայտում են իրենց տեսակետը, լսում ենք տարբեր կարծիքներ` և մեղադրող, և արդարացնող:  Այդպիսով` նրանք կարողանում են ճիշտ և,կարևորը, ինքնուրույն հանգել եզրակացության, սեփական կարծիքն արտահայտել բանավիճվող հարցի շուրջ:

Յուրաքանչյուր սերնդի հետ սովորում եմ նորովի