Իմ ընտրանին

«Մշտապես զբաղվե´ք ինքնակրթությամբ, անաչառ քննությա´ն ենթարկեք ինքներդ ձեզ և դե´ն նետեք բոլոր բացասական  հատկանիշները: Ձգտե´ք օրըստօրե կատարելագործվել, շփվե´ք  ավելի գրագետ, ավելի ազնիվ մարդկանց հետ: Մի´ բավարարվեք ձեռք բերածով, քանզի կատարելությունը սահման չի ճանաչում»:

«Երեխան պետք է զգա իր ծնողի ներկայությունը հասարակության մեջ, հպարտանա նրա հեղինակությամբ և միջավայրում ունեցած օրինակելի դերով: Ծնողի խրատական զրույցն անհրաժեշտ է, որ երեխայի համար լինի ոչ միայն հերթական խոսք, այլև կատարածի վկայություն: Սա է  պահանջում ճշմարիտ սերնդափոխությունը»:

«…Ի սկզբանե յուրաքանչյուր անհատ բնության կողմից օժտված է հերոսանալու բնազդով: Այն վեր հանելու,բացահայտելու համար անչափ կարևոր է ստեղծել բարենպաստ պայմաններ…»:

«Մեր երկրին անհրաժեշտ են մեծ անհատներ` հատուկ աշխարհայացքով ու բանականությամբ, ազգային գաղափարականությամբ: Գաղափարականություն, որի հիմքում մարդու գիտելիքներն են, համոզմունքներն ու աշխատանքը»:

«Ճշմարիտ հայրենասերը նա է, ով կարողանում է իր մտածումներով հասնել նախորդների կերտած պատմության խորքն ու այնտեղ գտնել հայրենապաշտություն և սեր… Սեր հողի, երկրի և ազգայինի հանդեպ… Ճանաչել մարդկանց, որոնք ծնվել ու մաքառել են հազարամյակներ առաջ և մշտապես ունեցել հերոսանալու կամք»:

«…Միայն գիտելիքներով ու խելքով կարող ենք դիմացինի մեջ սերմանել գիտելիք և խելք, ազնվությամբ` ազնվություն, հայրենասիրությամբ` հայրենասիրություն…»:

«Անհանդուրժելի է պահանջկոտության պատրվակի տակ լինել դաժան ու կոպիտ. պետք է ձգտել զինվորին  օգնել, աջակցել ճիշտ խորհուրդներով, տեղին օգտագործել համոզման մեթոդը, քանզի հրամանատարի ամբողջ   հպարտությունն իր զիվորի մեջ է»:

«Մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը: Վերջինիս հասնելու լավագույն միջոցը հայրենի հողին ապավինելն է: Որքան խորը մխրճվենք  նրա մեջ, այնքան ամուր են լինելու մեր արմատները»:




ՀՀ պաշտպանության նախարար
գեներալ-գնդապետ
Սեյրան Օհանյան

«Հայ ժողովրդի ապագային ուղղված մեր հավաքական ջանքի ուժը պետք է ուղիղ համեմատական լինի հարևան երկրների տարածքներին և հակադարձ համեմատական՝ մեր երկրի այսօրվա տարածքին:

Այդպես միայն կարող ենք ստեղծել բեկումնային իրավիճակ, հասնել մեր ազգային ամենանվիրական իղձերի իրականացմանը՝ լիարժեքորեն տեր դառնալով մեր ամբողջական հայոց աշխարհին»:

ավելին




"Որպես մարդը մարդուն խնդրում եմ,
որպես ընկերը ընկերոջը՝ հորդորում, որպես պաշտպանության նախարարը ենթակային՝ հրամայում կարդալ, մտածել ու գործել համապատասխան կերպով"

Արդեն մեր բանակում բարի ավանդույթ դարձած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենամյա ուղերձները ՀՀ ԶՈՒ անձնակազմին:

Հարգելի՛ հայրենակիցներ

20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել: Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող:

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա¬կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված  հայրենիք թողնելու քննություն էր: Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ:

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով: Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ¬փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: Հավերժ փա՛ռք հայոց բանակի նվիրյալներին: 

Շնորհավորում եմ ձեզ համաժողովրդական այս տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, տոկունություն և միաժամանակ գլուխ խոնարհում հայի ձեր կերպարի, ձեր հայրենապաշտ, ազգային մտածողության առջև: Մենք` ձեր հարազատների կիսատ թողած գործը շարունակողներս, խոստանում ենք ձեր հերոս որդիների, հայրերի ու եղբայրների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները զարգացնել` հաջորդ սերունդներին թողնելով նրանց երազած պետությունը:

.