
ՆԱԻՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
Շառլոտ Բրոնտե
1977 – 1981թթ. սովորել եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում:
Ավարտելով ուսումս` աշխատանքի եմ անցել ԳԱ տպարանում որպես սրբագրիչ:
Բայց ուսուցիչ լինելու մանկության երազանքս ինձ հանգիստ չէր տալիս , և մի օր բաղձալի երազանքս կատարվեց. 1989 թ.-ին ընդունվեցի Ա.Պ. Չեխովի անվան 55 դպրոց և մինչ այսօր աշխատում եմ այստեղ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. ստացա հետազոտող ուսուցչի որակավորում:
Ես սիրում եմ իմ մասնագիտությունն ու իմ աշակերտին, սիրում եմ հատկապես հարցասեր աշակերտներին (պատրաստ եմ պատասխանել թեկուզ անհեթեթ թվացող նրանց յուրաքանչյուր հարցին), որովհետև կյանքը ցույց է տվել, որ հենց նրանք են ապագա գիտնականներն ու բանաստեղծները:
Մանկավարժի իմ փորձը բերել է ինձ այն համոզման, որ մանկավարժությունը գիտություն է մարդու մասին, այլ ոչ թե երեխայի: Լավ մանկավարժը երեխային նախապատրաստում է մարդ լինելու համար: Ուսուցչի տված գիտելիքը երեխային պետք է թևեր տա թռիչքի համար: Իսկ գիտելիքը լավ յուրացնելու համար աշակերտը պետք է ունենա ցանկություն: Յուրաքանչյուր ուսոււցչի պարտքն է ցանկացած հնարքով երեխայի մեջ արթնացնել այդ ցանկությունը, որովհետև առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի:
Ուսուցչի կարևոր առաքելությունն այն է, որ իր սաներին թևեր տա, ընդունակ դարձնի հետագայում զարգանալու առանց իր օգնության:
Սա կլինի ուսուցչի հաղթանակը: