ՖԵՆՅԱ ԳԱՌՆԻԿՅԱՆ

Տարիների հեռվից փորձում ես հիշել՝ երբ որոշեցիր ուսուցիչ դառնալ: Երբ առաջին անգամ մտար դպրոց, հասկացար, որ քեզ սպասում են, որ դու ասելիք ունես: Ու սկսվեց մի զրույց, որ շարունակվում է մինչև այսօր: Ու  այդպես ամեն ուսումնական տարի, ու ամեն օր՝ նախորդը հիմք դարձնելով,  նախորդը երբեք չկրկնելով:
Երբ փորձում ես հիշել՝ ինչպես ես բացատրել որևէ  թեմա, հիշում ես միայն մի քանի ժպտուն աչքեր: Հանդիպելիս էլ  հիշեցնում ես նրանց որոշ դեպքեր ու հարցեր, տեսնում ես ժպտուն աչքերի զարմանքը՝ ինչպես եք հիշում:
Չես կարող չհիշել, որովհետև ուրախացել ու հիացել ես նրանց մտքերով, տխրել սխալներով, խորհել նրանց հետ  ու   կիսել մտահոգությունները, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, պատաստել դժվարին քննություններ հաղթահարելու, իսկ ընկերներիդ հետ… նրանց հետ քննարկել ես դասի լավ պլան ու հարցաշար, մշակել  միջոցառման ծրագիր,  կազմակերպել պոեզիայի երեկո: Ու այսպես անվերջ…
Այսքանից հետո մի զարմանալի բան. ետ ես նայում՝ տեսնելու, թե ինչ ես թողել: Թողել ես մեթոդական փորձ, հոդվածներ, հարցաշարեր, տետրեր՝ աշակերտների շարադրություններով լեցուն, աշակերտների՝ մայրենին անաղարտ պահելու ցանկություն:
Դու տվել ես նրանց  լավագույնը…