
Քարամյան Ռուզաննա
Կրտսեր դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն
Ծնվել եմ 1958թ. Երևանում: Ունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն: Ա. Չեխովի անվան դպրոցում աշխատում եմ 1993թ-ից:
Ինձ պատասխանատու եմ զգում դպրոցի կարգուկանոնի և ուսումնական գործընթացի համար:
Կայուն ու ամուր տուն կառուցելու համար պետք է ամուր ու աներեր լինի տան հիմքը: Կրտսեր դպրոցն էլ հանրակրթական համակարգի կարևորագույն մասնիկն է, որի ամրությունից և ճիշտ կառուցվածքից էլ կախված է դպրոցի հաջողությունը: Իսկ դրա հիմնական պայմաններից մեկը ուսուցիչների ճիշտ ընտրությունն է: Ուսուցչի մեջ գնահատում եմ մարդկային բարձր որակները, պատասխանատվության զգացումը, նվիրվածությունն իր աշխատանքին, որոնողական ու ստեղծագործական մոտեցումները: Նա պետք է քայլի ժամանակին համընթաց, անընդհատ աշխատի իր մասնագիտական գիտելիքները կատարելագործելու ուղղությամբ:
Ինձ համար յուրաքանչյուր աշակերտ անհատականություն է: Ուսուցիչը յուրաքնչյուր երեխայի մեջ այս տարիքից արդեն պետք է տեսնի անհատի, ուստի հարգանքը փոքրիկի նկատմամբ պարտադիր է: Երեխան պետք է անվերապահորեն հավատա և վստահի իր ուսուցչին: Յուրաքանչյուր երեխա ինքնատիպ է և աշխարհն ընկալում է յուրովի, ուստի միայն վստահության դեպքում է հնարավոր բացահայտել նրա ստեղծագործական ներուժը: Նրանց ինքնաարտահայտման ձևերը խիստ տարբեր են, իսկ ուսուցիչը կոչված է հասկանալու և օգնելու աշակերտին, որպեսզի վերջինս անկաշկանդ և հանգիստ դրսևորի իրեն, վայելի իմացության բերկրանքը, հաճույքով սովորի:
Ինձ համար չկա ավելի երջանիկ և հաճելի զգացում, քան ամեն առավոտ սիրով, կարոտով և խանդավառությամբ դպրոց շտապող երեխայի ժպտացող աչքերին նայելն ու բարևելը: Երջանիկ եմ, որ ապրել եմ ու շարունակում եմ ապրել այս բերկրանքը: