Նոր ուսումնական տարվա արտադասարանական առաջին միջոցառումն այցելությունն էր հայ աշխարհահռչակ նկարիչ, հայկական գույների մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ մեր դպրոցն անթերի է ամեն ինչով: Չորս տարի է այստեղ եմ սովորում: Սիրում եմ հատկապես մեր դպրոցի բակը` ծաղկող վարդերով, բալենիներով, Չեխովի արձանով, ցայտաղբյուրներով, սալահատակով Մի գարնանային առավոտ իմացանք, որ մեր դասարանը դպրոցի այգու հիմնադիրներից մեկն է լինելու: Երազեցինք, երևակայությամբ տեսանք մեր այգին ու ոգևորված գործի անցանք։ Սերմերից ծիլեր ենք աճեցնում դասարանում՝ լուսամուտագոգին։ Ամեն դասամիջոցի նայում ենք՝ որևէ բան դուրս եկե՞լ է, թե՞ ոչ։ Փորձում ենք մեր շնչով ու հայացքներով կյանք տալ սերմերին։ Սա երևի մեր դպրոցական կյանքի ամենատպավորիչ փորձն է։

Օր առաջին: Ահա և բաժանված է հողատարածքը: Դասարանները պատրաստ սպասում են։ Կանգնած ենք մեզ բաժին ընկած հողի վրա ձեռքներիս բահ, փոցխ: Վերնից մեզ ժպտում է արևը և շտապեցնում՝ դե՛, սկսե՛ք: Փորում ենք, փխրեցնում հողը, քարերի միջև տեղ բացում։ Մեր փոքրիկ պարտեզը մասերի ենք բաժանում, որ շատ բան ցանենք։ Սերմերն ու ծիլերը ցանում ենք, ավելի ճիշտ՝ մեկիկի-մեկիկ զգուշությամբ հողին պահ տալիս:

Օր երկրորդ։ Գալիս ենք ամեն ազատ րոպե։ Ուշադիր նայում ենք, միգուցե ծիլ կա։

Օր երրորդ։ Ծիլ դեռ չկա, բայց ո՞նց ենք սպասում:

Օր չորրորդ։ Դե՛, ծլի՛ր։ Ուզում ենք տեսնել հրաշքը: Չմոռանանք ջրել:

Օր հինգերորդ: Ուռա՛: Կարծես ինչ-որ բա՞ն է երևում:

Օր վեցերորդ։ Առաջին կանաչ կետերն են երևացել մեր պարտեզում: Մենք էլ ենք համախմբվել, մի տեսակ ավելի մտերմացել. ընդհանուր գործ ունենք. անհամբերությամբ սպասում ենք կենսաբանության ուսուցչին և նրա ցուցումներին. ի՞նչ պիտի անենք մեր փոքրիկ պարտեզում:

Մեծանում են ծիլերը, թփեր դառնում, թփերի կանաչների միջից երևում են փոքրիկ լոլիկներ, վարունգեր, պղպեղներ, ելակ ու դդում, եգիպտացորեն։ Հիացմունք ենք ապրում, որովհետև բարիք ենք ցանել ու բարիք ստեղծել, որովհետև քարերի մեջ նեղված պարապ հողին նոր կյանք ենք տվել: Հրաշալի բան է հողի հետ ընկերություն անելը, քրտինք թափելն ու պտուղ ստանալը։ Տեսնո՞ւմ եք զամբյուղները։ Մե՛նք ենք աճեցրել։ Մեր աճեցրած միրգն ու բանջարեղենն ամենահամեղն են աշխարհում: