
Նարինե Սադոյան
Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:
Ուինսթոն Չերչիլ
Մարդկանց ղեկավարելը դժվար է, փոքր մարդկանց ղեկավարելը` առավել ևս: Ավելացրե՜ք պատասխանատվությունը կատարած գործի, այն է` մարդ ու քաղաքացի ձևավորելու և 21-րդ դարին հարիր գիտելիքներ տալու համար, և ձեզ հասկանալի կդառնա ուսուցչի աշխատանքի կարևորությունն ու լրջությունը:
Ուսուցիչ դառնալը երևի թե իմ առաքելությունն էր. մանկավարժության ասպարեզում մեծ ներդրում ունեն իմ նախնիները: Չեխովի անվան № 55 դպրոցում աշխատում եմ 1987 թվականից: Որպես ուսուցիչ` առաջին քայլերն եմ արել այստեղ:Առաջին իսկ օրից սիրել եմ ԱՅՍ դպրոցն ու երեխաներին: Սիրում եմ նրանց աչքերը… Սիրում եմ տեսնել, թե ինչպես են փոխվում նրանք, ինչպես են սկսում սիրել քո դասավանդած առարկան ու սովորելը: Շատ եմ ուրախանում, երբ գովում են իմ աշակերտներին: Համոզմունք ունեմ, որ ուսուցչի գործը միայն գիտելիք տալը չէ: Նա թափանցում է աշակերտի ներաշխարհ, սովորեցնում նրան մտածել ու սովորելը սիրել: Ուսուցիչն իմացության ուղիներն աշակերտի առջև բացող առաջնորդն է: Աշակերտը պետք է ուսուցչի օգնությամբ բացահայտի, թե ինքն ինչի է ընդունակ: Իսկ մանկավարժի ու աշակերտի համատեղ աշխատանքի հիմքը փոխադարձ հարգանքն ու ըմբռնումն եմ համարում. իսկական ուսուցիչը երեխաներին է նվիրում իր սերն ու բարեկամությունը:
Կարծում եմ, որ ուսուցիչը դերասան է, հոգեբան, բժիշկ: Նա մարդաբան է և դպրոցում` այդ յուրօրինակ արվեստանոցում, ձևավորում է աճող սերնդի միտքը, որը փայփայել է պետք, որ երկիրն ապագա ունենա: Երեխաներին պետք է մտաստեղծագործություն սովորեցնել, որ մեր շուրջը լուսավոր մտքեր շատ լինեն:
Որպես մանկավարժական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող ուսուցիչ` ստանձնել եմ մասնախմբերի աշխատանքը համակարգող փոխտնօրենի պարտականությունները: Յուրօրինակ օղակ լինելով պետության հանձնարարականների և դպրոցի աշխատանքի միջև` նա պատասխանատու է ուսուցման և ուսման որակի համար: Մանկավարժների ուսումնամեթոդական աշխատանքի կոորդինացումը, մոնիտորինգային հետազոտությունները նպաստում են մասնագիտական իրազեկության աճին, օգնում` գնահատելու սեփական աշխատանքի արդյունքը և կատարելագործելու այն, ծանոթանալու գործընկերների փորձին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին, գիտական նորույթներին: Հուսով եմ` իմ աշխատանքով աջակցելու եմ գործընկերներիս: