
Նաիրա Նիկոյան
Ամեն մարդու մեջ արև կա, պետք է թույլ տալ, որ այն փայլի:
Սոկրատես
1989թ.-ին ավարտել եմ Երևանի 148 միջնակարգ դպրոցը: Նույն թ.-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի “Կիրառական մաթեմատիկայի” ֆակուլտետը: 1994թ.-ին ավարտել եմ, ստացել եմ մաթեմատիկոսի որակավորում: 2000-2005թթ աշխատել եմ “Համասփյուռ” կրթահամալիրում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 2008թ.-ից աշխատում եմ Ա. Պ. Չեխովի անվան դպրոցում ` որպես դասվար:
Յուրաքանչյուր երեխա` անհատականություն է, ուսուցչը պետք բացահայտի և տեսնի այդ արևը:
Սիրում եմ երեխաների աշխարհը, նրանց պարզ անմիջականությունը:
Փորձում եմ ինքս էլ լինել նույնքան պարզ ու անկեղծ, աշխարհին նայել նրանց աչքերով:
Մեծ է ուսուցչի, մանկավարժի դերը ապագայի մարդու` աշխարհը կառուցղի, կամ էլ գուցե վերակառուցողի դաստիարակման գործում: Որքան սեր, բարություն, հոգատարություն և ծով համբերություն է պետք այս հետաքրքիր, պատասխանատու և միևնույն ժամանակ դժվար գործն իրականացնելու համար:
Իսկ ինձ համար ավելի շատ մեծ նվիրում, որովհետև միայն մեծ նվիրումի դեպքում են անտեսվում ու զրոյանում բոլոր կարգի խոչընդոտները: Նպատակը շատ պարզ է ու լուսավոր` կրթել,դաստիարակել սերունդ, այնպիսի սերունդ, որ ներկայանալի լինի աշխարհին:
Ես միշտ մանկավարժի աշխատանքը նմանեցրել եմ խեցեգործի աշխատանքին: Գուցե տարօրինակ թվա, որ փոքրիկ մարդուկին համեմատում եմ կավի հետ, բայց երևույթի մեջ նմանություն տեսնում եմ: Ինչպես խեցեգործն է կավը ձեռքը վերցնելով` նախ ծանոթանում, հետո հունցում, ապա սկսում է ծեփել, այնպես էլ մենք`յուրաքանչյուր երեխայի հետ ծանոթանալով, փորձում ենք նախ հայտնաբերել սոկրատեսյան արևը, որը պիտի լուսավորի աշխարհը, ապա սկսում ենք կերտել, կերտել ` միևնույն ժամանակ բաց անելով այդ արևի ճանապարհը: Ու շատ կարևոր է, որ գործն ավարտած խեցեգործի պես մենք էլ թրծենք բնոթյան ամենակատարյալ ստեղծագործությունը, որ կոչվում է մարդ:
Ես կարծում եմ, որ ինչպես մեր հիշողություններում են ապրում մեր ուսուցիչները իրենց խրատներով, մեզ տված գիտելիքներով, այնպես էլ երևի մենք պիտի ապրենք մեր դաստիարակած սերունդների մեջ: Եվ որքան մեծ լինի նվիրումը, այնքան լուսավոր ու վառ կստացվի ուսուցչի կերպարը: