
Մարինե Գևորգյան
Կան կրթության և զարգացման շատ տեսակներ, և նրանցից յուրաքանչյուրը ինքնին կարևոր է, բոլորից բարձր պետք է կանգնի բարոյական կրթությունը:
Բելինսկի
Սովորել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Տարրական կրթության և մեթոդիկայի» ֆակուլտետը: Ավարտել եմ 2001թ-ին և ընդունվել եմ աշխատանքի «Սեբաստիա» կրթահամալիր: 2002թ-ից աշխատում եմ մեր դպրոցում` որպես դասվար:
Անչափ սիրում եմ իմ աշխատանքը, որովհետև գիտակցում եմ այն դերի մեծությունը, որն ունեմ յուրաքանչյուր երեխայի կյանքում:
Դասվարը հեղինակություն է, ամենաարդարն է, իսկ նրա կարծիքը` անքննարկելի:Եվ այդպիսի կատարելության դերում հանդես գալով` ուսուցիչը պարտավորվում է այդպիսին լինել ոչ միայն դպրոցում, այլև Երկրի վրա:Փաստորեն ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, այլ կենսակերպ:
Պահանջկոտ եմ և խիստ, սիրում եմ կարգապահություն:Սակայն խստությունս չի խանգարում, որ վայելեմ աշակերտներիս սերը: Իմ դասարանում ձևավորված է մի համերաշխ կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է ազատ արտահայտվել և բացահայտել իրեն:
Կրթադաստիարակչական աշխատանքները կազմակերպում եմ հին և նոր մեթոդներով: Հաճախ իրականացնում եմ խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում աշակերտները համագործակցում են, սովորում են լսել և վերլուծել ուրիշի կարծիքը` հաղթահարելով բարդույթները: Իսկ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքը` հաճախ դիմում ենք խաղին, խնդիրներ ենք ներկայացնում, առաջադրանքներ ենք կատարում խաղի տեսքով, ինչի միջոցով նյութը դառնում է ավելի մատչելի և գրավիչ:
Երբեմն գնահատելիս մասնակից եմ դարձնում աշակերտներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան ճիշտ գնահատել իրենց կարողությունները, նկատել և ուղղել թերությունները ։