
Լուսինե Դանիելյան
Գիտուն մարդը անոթ է, իմաստությունը՝ աղբյուր:
Օլջեր
1996թ-ին ավարտել եմ «Տարրական կրթության և մեթոդիկայի» ֆակուլտետը: 13 տարի աշխատել եմ Երևանի հմ.29 դպրոցում` որպես դասվար: Այժմ աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան հմ. 55 դպրոցում:
Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երեխաների: Սիրում եմ երեխաներին, նրանց պարզությունը, անմիջականությունը: Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը բարդ, լուրջ և շատ պատասխանատու գործ է, սակայն այն մեծ հաճույք է պարգևում ինձ: Թեպետ խստապահանջ եմ, սակայն կարողանում եմ լեզու գտնել երեխաների հետ և փորձում եմ թափանցել յուրաքանչյուր աշակերտի ներաշխարհը: Յուրաքանչյուր երեխա անկրկնելի անհատականություն է և պիտի զգա ուսուցչի սերն ու հոգատարությունը: Շատ կարևոր է ուսումնասիրվող հարցի շուրջ հետաքրքրություն առաջացնել երեխաների մեջ, որ ուսուցումը դառնա զվարթ, գրավիչ և հետաքրքրաշարժ: Երեխան պետք է ապրի դրանով, որ ձևավորվեն նրա ստեղծագործական երևակայությունը: Նրանք չպետք է վախենան անհաջողություններից:
Տարրական դպրոցի մանկավարժական մեթոդների հիմքում ընկած են երեխայի ազատ մտածողությունը, տրամաբանությունը, ինքնուրույն աշխատանքը: Մեր կարևորագույն խնդիրն է` կառուցել շենքի ամուր հիմք, որ մեզնից հետո աշխատող ուսուցիչներին հարկ չլինի մտածել հիմքի մասին: Ուսումնառության մեջ հաջողությունը, պատկերավոր ասած, մի արահետ է, որը տանում է դեպի մանկական հոգու այն անկյունը, որտեղ վառվում է լավ լինելու ցանկության կրակը:
Ուսուցչին է պատկանում երկրի ապագայի ձևավորման ամենակարևոր դերը: Բոլոր մասնագիտություններից նրանն ամենաազնիվն է, ամենադժվարն ու ամենակարևորը: