•  

     

     

    Բրիտանական խորհուրդը միացել է Դիքենսի ծննդյան երկուհարյուրամյակի տոնակատարություններին

     

    Չարլզ Դիքենսի կենսագրությունը և գրողի հանրահայտ ստեղծագործություններից` «Օլիվեր Թվիստ»-ն ու «Սուրբ ծննդյան երգը» մեկ ժամ շարունակ աշակերտների ուշադրության կենտրոնում էին: Հաղորդավարի հնչեցրած յուրաքանչյուր հարցը աշակերտներն արագորեն քննարկում էին ու փորձում առաջ անցնել մրցակիցներից:

     

    Բրիտանական խորհուրդը Չարլզ Դիքենսի ծննդյան երկուհարյուրամյա տարեդարձի տոնակատարությունների շրջանակում կազմակերպել էր «Դիքենսյան ռինգ», որի ընթացքում չորս դպրոցի 8-10-րդ դասարանի աշակերտներ մրցում էին իրենց գիտելիքներով:

     

    Չեխովի անվան դպրոցի, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Քվանտ վարժարանի և Տոլստոյի անվան դպրոցի աշակերտները ոչ թե պարզապես ընթերցել էին գրողի ստեղծագործությունները, այլև ուսուցիչների օգնությամբ ուսումնասիրել ու փորձել հասկանալ գրականության մեծագույն դասականի նշանակությունն ու կարևորությունը:

     

    Ռինգի երեք փուլերից հետո պարզ դարձավ, որ հավասար միավորներով առաջատար են Չեխովի անվան դպրոցի և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի աշակերտները: Իսկ ամփոփիչ հարցի շուրջ մտածելուց հետո ռինգի հաղթող ճանաչվեցին չեխովականները:

     

    «Դիքենսյան ռինգը պարզապես մրցույթ չէր, այլ հնարավորություն էր միավորվելու մեծ գրողի գրական ժառանգության շուրջ», նշեց Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերի ղեկավար Լիլիթ Բեքարյանը: