Միսաք Մեծարենց. անհատի դրաման

     

    8"5" դասարանի հերթական դաս-միջոցառումը հայ գրականություն առարկայից նվիրված էր Միսաք Մեծարենցին` մեր ազգային բարեբախտություններից մեկին, որը մեր ազնվության ու խղճի վկայականն է աստծո առաջ։
    Գրականության ուսուցչուհի Վալենտինա Գևորգյանը իր ներածական խոսքում
    Միսաք Մեծարենցին ներկայացրեց հայ և համաշխարհային դասական գրականության ֆոնի վրա։

     


    -Մեծ գրողների, մեծ անհատների անձնական դժբախտությունը երբեմն մեծ բարիք է դառնում գրականության համար,- ասաց նա։ Գրականության մեջ ստեղծվում են գեղարվեստական գոհարներ, որովհետև նման դեպքերում մեծանում է բանաստեղծի ներքին տեսողությունը, հոգու ճանաչողությունը։
    Դեռևս Վերածնության դարաշրջանում Դանթեն, որը իր դարի և բոլոր ժամանակների մեծագույն մտածողներից է, իր ընթերցողների առաջ բացում է գաղտնիքներ, որոնք տեսանելի չեն հասարակ մահկանացուներին։ Բախտի և տաղանդի այս բացառիկ բնույթը, այսինքն անսահման սերը և անսահման ցավը հատուկ էր նաև Դոստոևսկուն։ Բայց մեր գրականության արևմտահայ հատվածում կա մի հարազատ կերպար, մի հանճարեղ պատանի, որը, իհարկե, ո՛չ Դանթե է, և ո՛չ էլ Դոստոևսկի, բայց 22 տարվա ընթացքում հասցրել է ապրել մի բովանդակ կյանք, հասցրել է անցնել ցավի, վիրավոր սիրո և տանջող երազների միջով։

     


    Միսաք Մեծարենց
    Այնուհետև աշակերտները ներկայացրին Միսաք Մեծարենցին` արտաքուստ ամենազուլալ, ամենաքնքուշ ու ամենալիրիկ, իսկ ներքուստ` ալեկոծ ու փոթորկոտ բանաստեղծին։
    Մեջբերվեց չարենցյան հայտնի քառյակը` նվիրված Մեծարենցին։
    Անհերքելի ճշմարտություն է, որ Չարենցը բնությունը` արևը և գարունը, համարում է Մեծարենցի բանաստեղծական խառնվածքի կարևոր բաղադրիչներից։ Աշակերտներն իրենց խոսքում հանգամանալից և մանրամասնորեն ներկայացրին բնության դերը բանաստեզծության հետ ունեցած հարաբերության մեջ, որ բնությունը ստեղծագործական որակ է դառնում միայն հոգեկան դրամայի և մաքառման ընթացքում։ Իսկ Մեծարենցի
    պոեզիայում հոգեկան դրամայի խորունկ օրինակներ շատ կան։
    Աշակերտները ներկայացրին Մեծարենցի զարմանալիորեն քնքուշ ու գերող մեղեդիները։ Արտասանեցին և վերլուծեցին նշանավոր "Սիրերգ", "Աքասիաներուն
    շուքին տակ", "Վայրկյան", "Նավակները", "Արդի մարդուն հայր մերը" և այլ բանաստեղծություններ։ Նշվեց, որ "Հայր մերը" նորօրյա աղոթք է, այնտեղ տարածվում է սիրո շունչը, որը բռնում է աշխարհը, ծովերը, ակոսները
    Այդ անանձնական սերը հատուկ էր նաև Հովհաննես Թումանյանին, Ավ. Իսահակյանին, Տերյանին, Նարեկացուն։
    Զուգահեռ անցկացվեց Մեծարենցի և Նարեկացու միջև։
    Նարեկացին և Մեծարենցը նույն բանն են ուզում։ Նրանք փշրում են ժամանակի հազարամյա պատնեշը և քայլում են իրար հետ` որպես նույն մարդկության տարբեր հասակ, որպես ցավի և սիրո եղբայրներ։
    Մեծարենցի պոեզիայի հետ աղերսվեցին Տերյանի, Սահյանի նույնահունչ բանաստեղծությունները։
    Դասի վերջում եզրակացությունը մեկն էր` Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն` վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա Մեծարենցը, այնքան ավելի պիտի կարոտենք նրա բանաստեղծական աշխարհը։
    Դաս-միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի հանդիսությունների սրահում, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, ծնողներ։
    Դահլիճը կահավորված էր քսաներորդ դարասկզբի բինկյանյան կոլորիտով։
    Միջոցառումից հետո գնահատանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, ծնողներ։
    Ուսանելի դաս էր։

     

       

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта