Դասական մանկավարժություն


         Լավ մանկավարժ լինելու համար հարկավոր են տարբեր հմտություններ և կարողություններ, իսկ այդ ամենը ճիշտ և նպատակային  կիրառելու համար հարկավոր  է և՛ ծանոթ լինել  դասական մանկավարժությանը, և՛ հետևել դրա զարգացմանը:
    Ա. Պ. Չեխովի անվան  N 55  դպրոցում կարևորվում է մանկավարժի իրազեկությունը և ամենօրյա զարգացումն ու առաջընթացը:  Տարբեր թեմաների շուրջ ուսումնասիրություններն ու վերլուծությունները, նոր տեսակետների ու կարծիքների քննարկումը անպայմանորեն նպաստում են մանկավարժի կատարելագործմանը: Այս ամենը կյանքի կոչելու համար ամեն երկուշաբթի  ներկայացվում են զեկուցումներ:
    Հերթական զեկուցումը ներկայացրին Հռիփսիմե Սարգսյանը և Վալենտինա Գլոյանը,  թեման՝ "Դասական մանկավարժություն":



    Զեկուցման առաջին մասում Հ. Սարգսյանը ներկայացրեց  20-րդ դարի խորհրդային մանկավարժների՝  Ա. Մակարենկոյի, Վ. Սուխոմլինսկու և Շ. Ամոնաշվիլու մանկավարժական հայացքները, ուսուցիչներին ծանոթացրեց Ջ. Դյուիի և Ֆ. Սթիվենսոնի տեսակետներին: Հ. Սարգսյանը նշեց, որ դասական մանկավարժության  հիմնադրույթներն այսօր էլ  արդիական են, և դրանց  տեղին գործածումն ու ճիշտ ըմբռնումը  կարող են անփոխարինելի դեր ունենալ արդի կրթական համակարգում:



    Մյուս զեկուցողը՝ Վ. Գլոյանը, ներկայացրեց ուսումնասիրություններ և վերլուծություններ: Անդրադարձավ “Life’’ ամսագրի ուսումնասիրությանը, որը վերաբերում էր խորհրդային և ամերիկյան կրթական համակարգերին, համեմատվում էին աշակերտների առաջադիմությունը, ուսումնական հաջողությունները  և փաստական տվյալները:  Վ. Գլոյանը նշեց,  որ օրեցօր զարգացող և վերափոխվող մանկավարժությունը ի վերջո  փոխում է միայն մատուցման  մեթոդները,  բայց կրթության բովանդակությունը, ըստ էության, փոփոխության չի ենթարկվում:
    Վերջում երիտասարդ մանկավարժները  ևս մեկ անգամ համոզվեցին, որ ժամանակակից մանկավարժության հիմնարար դրույթները գալիս են դասական մանկավարժությունից, ուստի ընդունելով մանկավարժության զարգացման նոր միտումները՝  պետք չէ հրաժարվել հնից: