Հայրենասիրությունը վեհ գաղափար է: Այն հասկանալ է հարկավոր: Իսկ դրա համար պետք է իմանալ հայրենիքիդ անցած ուղին, ներկան,իսկ ապագան կերտել քո ձեռքերով:
Հայ   ժողովուրդը իր  հազարամյակների  պատմության  հորձանուտում ինքնությունը  պահպանելու համար  հարկադրված է  եղել  ընդդիմանալ արևմուտքից  և  արևելքից իրեն  շրջապատող  հզոր  տերությունների  հարձակումներին: Փոխվել  են  աշխարհակալ  հարևան  պետությունները, բայց  անփոփոխ  են  մնացել Հայաստանը  գրավելու,իրենց  միաձուլելու նրանց  նկրտումները: Անհավասար   այդ  պայքարում հայ  ժողովուրդը  թեպետ  հաճախ  զրկվել  է  իր  պետականությունից, բայց  կարողացել  է  գոյատևել, պահպանել  իր  ազգային  նկարագիրը: Կորցրել  է  պետականությունը, սակայն  երբեք  չի   համակերպվել այդ  վիճակի  հետ,մշտապես  մաքառել  է  պետականությունը  վերականգնելու  համար: Հատկանշական  է, որ  մեր   պատմության  նորագույն  շրջանը  դարձավ  հայկական  պետականության  դարաշրջան:
Սիրելի´ աշակերտներ, նորանկախ  հանրապետության   կառուցումը բնականորեն վերապահվում  է  գերազանցապես  ձեր  սերնդին: Դուք  պարտավոր  եք  հիմնավոր  գիտելիքներ ձեռք  բերել, խորապես  տիրապետել  հայրենի  երկրի  պատմությանը, դասեր  քաղել  նրա  անցած ուղուց, որպեսզի դիմակայելով  կյանքի  մարտահրավերներին,  կարողանաք դառնալ  հայրենիքի  լիիրավ  քաղաքացիներ, Հայաստանի  Հանրապետության  արժանավոր  կառուցողներ:

Դա   է  ձեր  սերնդի  պատմական  առաքելությունը:

 

  • Իմ հայ ժողովուրդ, դու փոքր ես եղել

  • Աղբյու՜ր ես եղել և ո´չ թե հեղեղ: 
    Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ, 
    Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ: 
    Դու փոքր ես եղել այն մուրճի´ նման, 
    Որ ձև է տվել ժայռերին համառ: 
    Փո՜քր, բայց նման այն կշռաքարին, 
    Որ միշտ դրվել է բարու նժարին 
    Եվ այդ նժարը ներքև է տարել... 
    Եկել են դարեր, անցել են դարեր, 
    Քեզ մատնել սրի, ավերի, գաղթի: 
    Բայց տիրացել ես այսօր մի բախտի, 
    Որ մեծ է քո հին վշտերի´ց անգամ: 
    Եվ լա՜վ է որքան, ինչ քա՜ղցր է զգալ, 
    Որ այսօր, երբ աշխարհը համայն 
    Կշեռքի երկու թաթի է նման 
    Դու քո պատմության դասերով բոլոր. 
    Քո երջանկությամբ ու բախտով քո նոր, 
    Քո հին անունով, կյանքով դժվարին՝ 
    ծանր կանգնած ես այն մեծ նժարին, 
    Որ ծանր է կշռում ո´չ թե արկերով, 
    Ո´չ թե վառոդի, զենքի հակերով, 
    Ո´չ թե ավերման կրքով կատաղի, 
    Ո´չ թե մայրերի արցունքով աղի, 
    Այլ երջանկության մշտավառ հրով, 
    Խաղաղ ծերությամբ, շիկանքով սիրո, 
    Հպարտ մայրությամբ, ծիծաղով մանկան, 
    ծեռքի սեղմումով բարեկամական... 
    Այն մեծ նժարին, որտեղ ապագան 
    Ու պատմությունն են դարծել կշռաքար:
  • Պարույր Սևակ