Աշակերտները հանդիպեցին աշխարհահռչակ բռնցքամարտիկի հետ


    Հոկտեմբերի 20-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական հանդիպումը վարչական շրջանի դպրոցների աշակերտների հետ: Դպրոցականների հետ հանդիպմանը Արա Սադոյանի հրավերով ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Ա. Սադոյանը Ջ. Կիրակոսյանի անվան հ.20, Ա. Չեխովի անվան հ.55 և Գ. Էմինի անվան հ.182 դպրոցների աշակերտներին ներկայացրեց վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ոլորտները, խոսեց բաժինների գործառույթներից և ընթացիկ ծրագրերից: IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դպրոցականներին պատմեց իր հաջողությունների և անցած ճանապարհի մասին, ինչպես նաև ներկայացրեց հաջողության իր բանաձևն ու ապագայի իր ծրագրերը, որոնք կապված են հայրենիքի և ապագայում լավ մարզիկներ պատրաստելու հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանեցին աշակերտների բոլոր հարցերին, ոգևորեցին նրանց՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից: Հանդիպումը անցավ ջերմ և անմիջական միջավայրում: Երեխաները ստացան իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները և ստացան արժեքավոր խորհուրդներ և արեցին նոր բացահայտումներ: