Հոկտեմբերի 23-ին Վ.Սարոյանի "Հայ մուկը" պատմվածք-առակի իր մեկնաբանությունը ներկայացրեց 7"1" դասարանը (ուսուցիչ՝ Ն.Սադոյան): Դասի սկզբում արժևորվեց նրա ստեղծագործությունը: Մենք ասում ենք՝ Սարոյան ու հարազատ ազգանունով գրող պատկերացնում, որին միայն մենք ենք սիրում ու գնահատում: Աշակերտներն իմացան, որ ամերիկյան գրականության մեջ նրա անունը դրվում է Դրայզերի, Հեմինգուեյի, Ֆոլքների, Քոլդուելի անունների կողքին:Սարոյանը մեծ հայ էր՝ մարդ, որ գիտեր իր արմատները: Ու չվախեցավ ամերիկյան միջավայրում իր ազգի մարդկանց մասին գրելուց:
    Դասարանի աշակերտները անգիր էին սովորել հատվածներ պատմվածքից: Արտասանությունն ընդմիջվում էր ուսուցչի՝ համապատասխան հատվածներին վերաբերող հարցերով և աշակերտների հետաքրքիր պատասխաններով: Վերջում 7-րդ դասարանցիները խոսեցին այն մասին, որ մկան կերպարն ընդհանրապես սովորեցնում է ապրել դաժան աշխարհում, հավատալ արդարության հաղթանակին, մեռնելուն չհամաձայնել, հաղթել: Հայ մուկը զգուշացում է բոլոր նրանց, ովքեր կսպառնան ազգի խաղաղ, ստեղծագործ կյանքին: