Գույնի վարպետի հետ


    Հետաքրքիր էր Մ. Սարյանի թանգարանում, որտեղ քեզ ծանոթ շատ բան կա. գույները գրավիչ են, նկարները՝ հարազատ, միջավայրը՝ ջերմ: Սրահից սրահ  գույները փոխվում են. երազային կապույտին հաջորդում է կարմիր-դեղին-արևայինը, նատյուրմորտին՝ դիմանկարը, պարսկականին՝ եգիպտականը:
    Գույներ, թեմաներ, երկրներ…
    Ահա կանգնած ես «Երեք հասակ» նկարի առջև: Մտախոհ, երազող, անցյալը արժևորող հայացքի առջև փռված են մեծ վարպետի վրձնած նկարները:
    Չես կարող անտարբեր մնալ ու երկար չկանգնել «Հայաստան» պաննոյի առջև:
    Ինչ էլ նկարեր, հեռվում հայրենիքն էր՝ Արարատը, հայրենի հողը. «Ինչ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»:
    Փնտրում էինք «Բանաստեղծ Եղիշե Չարենցի» դիմանկարը… Իմացանք, որ այլ թանգարանում է:
    Դուրս ես գալիս տուն-թանգարանից իմաստնացած, հպարտ ու համոզվում, որ մարդը հողով ու արմատներով է ուժեղ: