Նամակ զինվորին


    Բարև, ավա՛գ եղբայր:
    Ցուրտ ձմեռ է, դու քեզ տաք պահիր: Եթե պակաս բան կա,գրիր, տղերքով այստեղից կօգնենք, կուղարկենք: Թող քեզ ջերմացնի նաև իմ նամակը, քանի որ հպարտությամբ եմ լցվում՝ արտասանելով այդ բարձր կոչումը. Հայ Զինվոր:
    Տան մեծերը պատմում են, թե երբ փոքր էին, բակերում "կռիվ-կռիվ" էին խաղում, երկու  թիմի  բաժանվում: Մեկը "մերոնք" էին, մյուսը՝ "վատերը": Ու սրանց թիմն ընկնելու միակ միջոցը "ցելան էր". ոչ  ոք չէր ուզում "վատերի" գործը պաշտպանել: Պարզ է, որ ժամանակավորապես այդ անհաջողակների թիմն  ընկածները հույս էին փայփայում, որ մյուս կոնին վերջապես "վատերի" դեմ են կռիվ տալու: Այսօր բակերում այդ խաղը չեն խաղում, թեպետ կռիվը մեր կողքին է: Ու, եթե դու այսօր կանգնած չլինեիր սահմանի խրամատում, կռիվը կգար մեր քաղաքները, մեր տները: Կանգնի՛ր, ավա՛գ եղբայր, այսօր քո հերթն է, վաղը կգա մեր հերթափոխը:
    Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում և,  որպեսզի շարունակեն ասելը, հայը պետք է մնա զինվոր, ցանկանա և կարողանա պաշտպանել բոլորիս միացյալ օջախը՝ հայկական աշխարհը: Երբ պատմության կամ գրականության դասերն ենք պատրաստում, Վարդանանաց կռվի, Վանի, Սյունյաց աշխարհի, Սարդարապատի ճակատամարտի հերոսները կարող են թվալ երևակայական՝ հեղինակների գրչով հերոսացված: Բայց եկել էր այս տարվա ապրիլյան պատերազմը և բոլորիս համար քաջության դաս դարձել: Որովհետև ինձ պես անփորձ տղերքը՝ քեզ պես դեռ նոր ծառայության անցած, առանց վերամբարձ խոսքերի և պարտադրանքի դարձան հերոս ու անմահացան: Իսկ Արցախյան պատերազմի տարիքն առած հերոսները՝ առանց պաշտոնական հրահանգների, եկան ու միացան ձեզ՝ հայրաբար օգնելու և խրատ տալու:
    Այն ժամանակ համացանցում հրապարակում էին օտարի զարմանքը. "Սա ի՞նչ ժողովուրդ է, որ խաղաղ ժամանակ լքում է իր երկիրը, իսկ պատերազմի ժամանակ ետ գալիս, մինչ մյուսներն անում են ճիշտ հակառակը": Նրանք լքում են: Ինչո՞ւ են լքում, որովհետև վախկոտ են: Բայց այդ մասին իմ հաջորդ նամակում:
    Բարո՛վ մնաս, բարով ե՛տ գաս, իմ ավա՛գ եղբայր:
    Կռի՛վ տուր վատերի դեմ՝ առանց չակերտների:
    Քեզ բարի ծառայություն՝ ի փառս մեր ազգի, մեր Հայոց աշխարհի, քո ազնիվ ընտանիքի և սուրբ նախնիների:


    Հարգանքներով Էդվարդ Խաչիյան