Մեծ ցանկությունն այսօր դարձավ իրականություն և  մեր դասարանը հյուրընկալվեց  տաղանդավոր  նկարչի   հարկի ներքո:  Այստեղ  ամեն ինչ  հիասքանչ  էր  և  ներշնչող. Սարյանի կտավների  ջերմությունը  պարուրել էր բոլորին: Աշակերտները  հիացմունքով շրջեցին մի սրահից մյուսը  և  երկար վայելեցին յուրաքանչյուր նկարի գեղեցկությունն ու խորիմաստությունը։ Սարյանի նկարները  խոսում են  "տաք լռությամբ",  խոսում են բնության ու տեսանելի աշխարհի լեզվով։ Նրա կտավների "աստվածային հնչյունները" շնչում են կյանքով։ Մարտիրոս Սարյանի կտավները պայծառ են,հագեցված գույներով։ Նրանք զարգացնում են նոր գեղագիտական ընկալում՝ հնարավորություն տալով հասկանալու, որ արվեստը իրականության նմանակում չէ, սոսկ -այն պահանջում է երևակայության ազատություն և վերացականություն։ Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է  պարզ բնական ձևերը։