Լեռներն էլ քայլում են
(դաս՝ նվիրված Կոմիտասին)
Լեռների մեջ մխրճվող լեռնագագաթներ կան:
Զարմանահրաշը, սակայն, Արարատն է՝ լեռնակերտ փոքրիկ այս աշխարհի բարձունքը, որ արմատները խրել է մայր հողի մեջ, իսկ գագաթը թռչում է դեպի երկինք:
Արարատի պես վեհանիստ, պարզ ու անսեթևեթ է Կոմիտասը. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք, իսկ հունդը ժողովրդի սրտից է առել: Նա խորհրդանշում է հայ հոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը:
Հայ ժողովուրդը Կոմիտասի երգի մեջ իրեն գտավ, ճանաչեց իր հոգեկան ինքնությունը: Կոմիտաս վարդապետը սկիզբ է ու վախճան չունի:
Նա ճամփա է, որ սկսվեց հինավուրց վանքի մագաղաթների գունատ թերթերից:
Նա ոգի է, որ արարչագործ ձեռքով երգի նշխարները հավաքեց, բյուրեղացրեց և երգի նեկտարը բաժանեց աշխարհին:
Եվ մարդ է, որ իր հանճարի ուժով ապրեցրեց իր հայրենիքը և իր ժողովրդի հոգին տարավ աշխարհին:









|